Ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ի կողմից ավելի ուղղակի մոտեցումներ Հայաստանը պետք է չակնկալի եւ չցանկանա, նոյեմբերի 19-ին հայտարարել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությունը ԱՄՆ-ի եւ Հայաստանի հարաբերությունների վրա։
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն խորանալ։ Օբաման ավելի նախընտրելի է Հայաստանի համար, քանի որ նա ավելի հավասարակշռված դիրքորոշում ունի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներ Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։
«Սակայն ղարաբաղյան գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը դիտարկելիս, պարզ է դառնում, որ առաջատար դիվանագիտական դեր է խաղում Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ յուրաքանչյուրն իր սպասելիքներն ունի, եւ բոլորն ինչ-որ բան են սպասում Թուրքիայից։ Բայց Հայաստանը պետք է լինի առավել հայամետ, եւ ավելի քիչ ռուսամետ կամ ամերիկամետ։ Հայաստանը պետք է ուժ փնտրի իր մեջ, իր տնտեսական համակարգի մեջ»,- ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։





























