Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն իրեն «վիրավորված է» զգում Թբիլիսիի աղմկահարույց  ձերբակալությունների շարքի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տված գնահատականներից:

«Ասավալ-դասավալի»  թերթի համար մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն այն մասին, թե այդ ձերբակալությունները կարող են քաղաքական բնույթի լինել, նախկին նախագահը հայտնել է, որ «Արեւմուտքում շատերը հիասթափված են, քանի որ մեծ հույս ունեին, թե  Սահակաշվիլին կշարունակի պաշտոնավարել»:

«Ու թեպետ արեւմտյան քաղաքական գործիչների մի մասը պատրաստ էր աջակցել Սահակաշվիլիին՝ Վրաստանի ճակատագիրը որոշեց ժողովուրդը», - ասել է նա, հաղորդում է «Վզգլյադը»:

Շեւարդնաձեն հայտարարել է, որ «պատմությունն այդքան քաղաքական ձերբակալություններ չի հիշում, որքան իշխանության գալով իրականացրեց Սահակաշվիլին»: «Վրաստանի ժողովուրդը չի ընդունի Ռասմուսենի նման գնահատականները», - նշել է նա՝ հավելելով, որ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեղմացրել է գնահատականները: 

«Դա վտանգավոր հայտարարություն է։ Թող մեր եվրոպական ընկերները դրան ուշադրություն դարձնեն: Երկիշխանությունը  կործանարար է ցանկացած երկրի համար», - ընդգծել է Էդուարդ Շեւարդնաձեն: Ընդ որում, նա նշել է, որ Վրաստանի գործընթացների նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը «առանձնանում է սկզբունքայնությամբ եւ անաչառությամբ»: