Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը մտադիր է վերադառնալ հայրենիք եւ մասնակցել հաջորդ տարվա սկզբում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է Rosbalt-ը։ Մուշարաֆն արդեն չորս տարի բնակվում է կամ Լոնդոնում, կամ Դուբայում։ Հայրենիքում նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ։ Այդ թվում նրան կասկածում են երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության կազմակերպման մեջ։ Բհուտոյի ամուսին Ասիֆ Ալի Զարդարին այժմ Պակիստանի նախագահն է։

Մուշարաֆի տվյալներով, նա հայրենիքում բազմաթիվ կողմնակիցներ ունի եւ մեծ ժողովրդականություն  է վայելում։ «Տեսեք, Facebook-ում իմ էջը։ Իմ կողմնակիցների թիվը գերազանցել է կես միլիոնը։ Նրանց 92 տոկոսը բնակվում է Պակիստանում, 50 տոկոսը 18-ից 34 տարեկան է»,- ասել է Մուշարաֆը։

Նա մտադիր է կուսակցություն ստեղծել, սակայն փորձագետները կարծում են, որ քանի դեռ Մուշարաֆին հայրենիքում սպառնում է ձերբակալություն, նա չի վերադառնա։ Պակիստանի խորհրդարանը պետք է ցրվի մինչեւ մայիսի 18-ը։