Ընդդիմությունում միասնական թեկնածու դեռ չի նշմարվում: Նման տեսակետ այսօր, նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երեւան) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստանի» եւ ընդդիմադիր ուժերի միջեւ կոնսուլտացիաները:
«Նման «խորհրդակցությունների» մասին՝ մասամբ իրական, մասամբ՝ շինծու, մենք լսում ենք Հայաստանի նորագույն պատմության յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Բայց չեմ հիշում դեպք, որ ընդդիմությունն արդյունքում միասնական թեկնածու առաջադրեր: Այո, այժմ մենք կոալիցիոն նախկին գործընկերների միջեւ քաղաքական լուրջ հակամարտության ականատեսն ենք: Սակայն միասնական թեկնածու, ըստ իս՝ ամեն դեպքում չի նշմարվում», – ասել է Կիրակոսյանը:
Հայաստանի համար գլխավոր խնդիրը, հավելել է նա, օլիգարխիկ համակարգն է, որը չվաստակած ուժ է ձեռք բերել հայկական շուկաներում: «Դա ուղեկցվում է նաեւ օլիգարխների անհամեստությամբ», – հավելել է փորձագետը: Այդ առումով, նշել է Կիրակոսյանը, օլիգարխիկ համակարգի գերակայության մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը հարկ է ողջունել` չնայած որ այդ համակարգը թափ է հավաքել հենց նրա օրոք:
Լուսանկարը՝ NEWS.am





























