Ղազախստանի Ալմաթիի շրջանի Իլ Ալաթաուի ազգային պարկում կատարված զանգվածային սպանության հետաքննությունն ավարտված է, հայտնել է երկրի ՆԳ նախարար Քալմուխանբեթ Քասիմովը:
Պարկի տարածքում սպանությունը կատարվել էր օգոստոսի կեսերին: Միմյանցից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու տեղակայված երկու անտառտնտեսություններում 12 մարդու մարմին էին հայտնաբերել: Բոլորը զոհվել էին դանակի բազմաթիվ հարվածներից:
Նախարարի խոսքով՝ սպանությունում կասկածվում են կրոնական ծայրահեղականները, որոնց ինքնությունն արդեն հաստատված է:
«Հանցագործները վերեւում իրենց համար կացարան են պատրաստել, այնտեղ ապրել իրենց կանանց հետ, նրանցից մեկը նույնիսկ երեխա է ունեցել: Իհարկե, Զահարոպուլոն կասկածել է ինչ-որ օտար մարդկանց ներկայությունը: Նրա որդին երկրորդ անտառապահի հետ գնացել է ստուգելու, գտել է նրանց: Ըստ մեր տվյալների` նրանք սպանել են անտառապահին, այնուհետեւ իջել, սպանել են բոլորին, իսկ հետո, կանանց հետ ներքեւ իջնելով, վերացրել են բոլոր վկաներին», - ասել է Քասիմովը, հաղորդում է newskaz.ru-ն:
Ավելի վաղ, տվյալ գործով հետախուզում էր հայտարարվել իսլամական ծայրահեղական խմբավորման երկու ներկայացուցիչների`Սաան Խայրովի (1975 թ. ծնված)եւ Զաուրբեկ Բոտաբայեւի (1978 թ. ծնված) նկատմամբ: Նրանց դեռեւս չեն ձերբակալել:




























