Քրեական հայտնի հեղինակություն, Վրաստանի քաղաքացի Իլյա Սամսոնիային կեղծ անձնագրով Բիշքեկի միջազգային օդանավակայանում օրերս ձերբակալել են Ղրղըզստանի ՆԳՆ-ի աշխատակիցները:
37-ամյա օտարերկրացին ձերբակալվել է Ղրղըզստանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից` «Բիշքեկ-Մոսկվա» չվերթի ինքնաթիռ նստելիս: Ձերբակալման պահին նրա մոտ եղել է ղրղըզական կեղծ անձնագիր` ձեւակերպված Ալիեւ ազգանվամբ:
Ըստ օպերատիվ տվյալների` ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի է եւ հայտնի «օրենքով գող»: Նրան կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանք են առաջադրել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով Ղրղըզստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությանը:
Իլյա Սամսոնիան, ըստ GeorgiaTimes-ի, թագադրվել էր 1990-ականների կեսերին թբիլիսյան ազդեցիկ «օրենքով գող» Ռոբերտ Քալանդաձեի կողմից՝ հայրենակից Կոկիլո մականվամբ Գեորգի Գլոնտիի երաշխավորմամբ:
Հրատարակչության տվյալներով` քրեական հեղինակությունը շատ ժամանակ է անցկացրել Միջին Ասիայի հանրապետություններում, որտեղ զբաղվել է թմրաթրաֆիքի կազմակերպմամբ: 2009 թ. Սամսոնիան ձերբակալվել էր Մոսկվայում ադրբեջանական կեղծ անձնագրով հաշիշ տեղափոխելիս: Նրան դատապարտել էին 3 տարվա ազատազրկման:





























