Ռուսաստանի Ուլյանովի մարզային դատարանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, քննել եւ ուժի մեջ է թողել ռուսաստանցի ընդդիմադիր, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի նկատմամբ կայացված դատավճիռը՝ «Եդինայա Ռոսիայի» «Երիտասարդ գվարդիայի» ակտիվիստուհի Աննա Պոզդնյակովային ծեծի ենթարկելու գործով: Նա պետք է Պոզդնյակովային 35 հազար ռուբլի վճարի:

Ուդալցովն «Իզվեստիային» հայտարարել է, որ «բողոքարկելու է դատարանի այդ վճիռը, քանի որ իրեն անմեղ  համարում»:

«Ես նախատեսում են գումար հավաքելու նպատակով ակցիա կազմակերպել, որպեսզի վճարեմ տուգանքը: Ես լրացուցիչ գումարներ չունեմ, ուստի ես ստիպված կլինեմ դիմել քաղաքացիներին եւ մանրադրամ հավաքել ու փոխանցել այն Պոզդնյակովային: Ես վստահ եմ, որ մենք կհավաքենք, կգտնվեն մարդիկ, ովքեր անտարբեր չեն լինի: Երբ մենք դատարանից ստանանք փաստաթղթերը, որտեղ նշված կլինեն ժամկետները, մենք կնստենք ինչ-որ տեղ եւ գումար կհավաքենք: Այդ ակցիայի մասին մենք անպայման կտեղեկացնենք հանրությանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 21-ին, Ուլյանովսկում, ՆԱՏՕ-ի դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ: Ուդալցովին ձերբակալելու առիթը եղել է ակտիվիստուհի Աննա Պոզդնյակովայի հայտարարությունը: Նա ընդդիմադիր գործչին մեղադրել է հանրահավաքի ժամանակ իրեն հարվածելու մեջ:

«Ձախ ճակատի» համակարգողը վստահեցնում է, որ չի հարվածել ակտիվիստուհուն, այլ միայն փակել է նրա տեսախցիկի օբյեկտիվը:

Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Պոզդնյակովան ուրախությամբ հայտարարում. «Ուռա, ինձ հարվածեց Ուդալցովը»: