Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում թոքային հիվանդությունների աճ է նկատվում: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:
Ըստ նրա` նման հիվանդությունների աճի գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ չեն հասցնում հարմարվել այն փոփոխություններին, որոնց հանգեցնում է իրենց իսկ գործունեությունը: «Ամբողջ աշխարհում գոյություն ունեն օդն աղտոտող բազմաթիվ գործոններ: Դրանցից են ոչ ճիշտ շինարարությունը, աղմուկը, արեւի լույսի պակասը եւ այլն: Այդ գործոնների վերացման համար անհրաժեշտ է բարձրացնել տեղեկացվածությունը, նաեւ՝ մարդկանց կուլտուրան», - ընդգծել է գլխավոր թոքաբանը:
Ոսկանյանը նշել է, որ մարդիկ պետք է ուշադիր լսեն բժիշկների խորհուրդները եւ հետեւեն դրանց, քանի որ կան հիվանդությունների զանազան տարատեսակներ եւ աստիճաններ, որոնք հատուկ մոտեցում եւ բուժման մեթոդներ են պահանջում: «Օրինակ` բրոնխիալ ասթման ամբողջ կյանքի համար չէ, դա մահացու հիվանդություն չէ, սակայն պետք է այն հաշվի առնել, համապատասխան միջոցներ ձեռնարկել հիվանդության հետագա զարգացման կանխարգելման համար: Նույն բանը չի կարելի ասել քրոնիկ հիվանդությունների մասին, քանի որ ցանկացած դեպքում դրանք աստիճանաբար կզարգանան», - նկատել է թոքաբանը:
Ըստ Ոսկանյանի` ամբողջ աշխարհում հիվանդությունների 76%-ը շնչառական հիվանդություններն են: Դա բնական է, քանի որ հենց շնչառական ուղիներն են առաջին հերթին հաղորդակցվում աղտոտված տարրերի հետ: «Պետք չէ անմիջապես դեղորայքներին անցնել, քանի որ օրգանիզմը պետք է ինքնավերականգնվելու հնարավորություն ունենա: Պետք է մնալ տանը, պառկել, տաք ջուր գործածել եւ տարբեր թարմ հյութեր: Եթե հիվանդությունը 3 օրից չի անցնում, պետք է դիմել բժշկի», - ընդգծել է Հայաստանի գլխավոր թոքաբանը:





























