«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի վրա տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները: Մահվան ելքով դժբախտ պատահարը գրանցվել էր նոյեմբերի 15-ին՝ կամրջի վերանորոգման ժամանակ:

Հատուկ հանձնաժողովը ղեկավարում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, վերանորոգման աշխատանքները կատարող «Իրմաստ-Մ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Գ.Կոզլովը, ՀԿԵ-ի այլ պաշտոնյաներ:

Ծառայողական քննության արդյունքներով կազմվելու է միջադեպի պատճառների մասին եզրակացությունը, կմշակվի այդ պատճառների վերացմանը, դժբախտ պատահարների բացառմանն ուղղված միջոցառումների ցանկը: Միջոցներ կձեռնարկվեն նաեւ անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ներկա պահին երկաթուղում ուժեղացված են անվտանգության կանոնները, անցնում է աշխատողների արտահերթ ուսուցումը: