Ուկրաինական ապրանքանիշների կեղծումը Հայաստանում պատժվում է առավելագույն խստությամբ: Այդ մասին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նոյեմբերի 19-ի նիստում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Հիշեցնենք, նախորդ տարիներին հարցը բազմիցս բարձրացվել էր երկկողմ տարբեր մակարդակների հանդիպումներում. ոկրաինական օղու եւ կոնֆետի, հայկական կոնյակի կեղծման, ինչպես նաեւ Ուկրաինայում «Նաիրիտի» արտադրության քլորոպրենային կաուչուկի չինական կեղծված արտադրանքի առնչությամբ
(այն ժամանակ հայ-չինական «Շանկսի-Նաիրիտ» ձեռնարկությունը դեռ չէր գործում):
Եւ Հայաստանը, եւ Ուկրաինան, հիշեցրել է Տ. Դավթյանը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, որը պարտավորեցնում է վերահսկել արտասահմանյան մտավոր սեփականության պաշտպանությունը: «Վերջին մեկ-երկու տարիներին այդ ուղղությամբ բավականին խիստ, էական միջոցներ են ձեռնարկվել: Չի բացառվում, որ նման առանձին խախտումներ կարող են լինել, սակայն մենք ուշադիր հետեւում ենք շուկային»,-հայտարարել է Տ. Դավթյանը:
Առեւտրային նշանների պաշտպանությունը եւ աշխարհագրական անունների օգտագործումը քննարկման գործընթացում են ոչ միայն երկկողմ մակարդակում, այլեւ ԵՄ-ի հետ բանակցությունների շրջանակում, քանի որ եւ Հայաստանը, եւ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններ են վարում: «Այս ամենը նկատի ունենալով` մենք մշակում ենք լուծումներ, որոնք էլ կնպաստեն մեր միջազգային պարտավորությունների կատարմանը եւ չեն վնասի բիզնեսին: Կաշխատենք սահուն, որպեսզի ամեն ինչ լինի՝ առանց կտրուկ եւ անհանգստացնող երեւույթների», – հավելել է նախարարը:




























