Երեկ՝ նոյեմբերի 18-ի երեկոյան, Լոռիի մարզի Շահումյան գյուղի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված 49-ամյա Սամվել Շարբաթյանի սպանության հետ կապված Վանաձորում տարբեր վարկածներ են շրջանառվում: NEWS.am-ի Լոռիի թղթակցին վանաձորցիները պատմել են, որ «Մուշ» ռեստորանային համալիրը պատկանում է «Հայփոստ»-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդիկ Խլղաթյանին, իսկ սպանության մասնակիցների մեջ կասկածվում են նաեւ Վանաձոր համայնքի նախորդ եւ ներկա ավագանու որոշ անդամներ: Իսկ թե որքանով են ճշմարիտ ավագանու անդամների՝ սպանությանը մասնակից լինելու մասին տեղեկությունները, կպարզի նախաքննությունը:
Սամվեմ Շարբաթյանը 3 երեխաների հայր էր, նախկինում աշխատել է որպես քննիչ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 18-ին, Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի առաջին մասով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Շահումյան գյուղում: Ժամը 22:45-ին շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երեւան քաղաքի բնակիչ, Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























