Ավարտվել է Սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները եւ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների եւ միջազգայնագետների համաժողովի առաջին նիստը, որն ընթանում էր «Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում» թեմայով:
Առաջին նիստը բացվել է ‹‹Նորավանք›› հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները գլոբալացվող աշխարհում» ելույթով:
Բոստոնի համալսարանի ժամանակակից հայոց պատմության եւ գրականության ամբիոնի ղեկավար, ցեղասպանագետ Սիմոն Փայասլյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային օրենքների արդյունավետ կիրարկումը եւ Հայաստանին ուղղված մարտահրավերները 21-րդ դարում:
Ֆրանսիայից ժամանած ԱՄՆ-ի եւ Հարավային Կովկասի միջեւ հարաբերությունների փորձագետ Ժուլիեն Զարիֆյանը զեկուցել է 1991 թվականի տարածաշրջանում Հայաստանի անկախության ձեռքերումից ի վեր Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ իր նկատառումները:
Ռուսաստանի «Էքսպերտ» ամսագրի հատուկ թղթակից, վերլուծաբան Գեւորգ Միրզայանը ներկայացրել է Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող դիտարկումները:
Զեկույցներից հետո տեղի է ունեցել բուռն քննարկում, որի ընթացքում համաժողովի մասնակիցները ներկայացրել են անվտանգության խնդիրների շուրջ իրենց տեսակետներն ու առաջարկությունները:





























