Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը չի ասել, թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ: Այս մասին նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:

«Իհարկե, ոչ, ես իսկապես ցավում եմ այդ լրատվամիջոցի համար: Պարկեշտությունը ենթադրում էր նախ նայել Կառավարության կայքը, որտեղ դրված է, թե ինչ է ասել վարչապետը Տնտեսագիտական համալսարանանում: Կարծում եմ` անպարկեշտ կեցվածք է խեղաթյուրել վարչապետի խոսքը եւ ներկայացնել բաներ, որ վարչապետը չի ասել»,- ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը ասել է,թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ: