Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է  ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման:

Աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել եւ աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ  օրենքի պահանջների խախտումներով:

Ապօրինի  ձեռնարկատիրության  եւ օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին: