Թոքային հիվանդությունների մեծ հավանականությունն առաջանում է հիմնականում 40 տարեկանից հետո: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:
Ըստ նրա` Հայաստանում սպելեոթերապիան մեծ դեր ունի: Դրա գլխավոր առանձնահատկությունը ժամանցային բնույթն է, այսինքն` ապաքինում ստորգետնյա պայմաններում հանգստի շնորհիվ: «Այդ մեթոդով բուժվում են ոչ միայն հիվանդները, այլեւ հաջորդ սերունդները, քանի որ հղի կանանց մեծամասնությունը ազատվում են հիվանդություններից մինչեւ երեխաների ծնվելը», - ընդգծել է պրոֆեսորը: «Թոքային հիվանդությունների մեծ հավանականություն է առաջանում ծխող մարդկանց մոտ: Ծուխը վերջին եւ որոշիչ գործոնն է, որ բորբոքում է հիվանդությունը», - հավելել է Ոսկանյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ բացի գեղեցիկ բառերից եւ քննարկումներից, անհրաժեշտ են ծխելու դեմ պայքարի գործնական միջոցներ: «Մեծ տարբերություն կա այն ընտանիքների առողջական վիճակի, որտեղ ծխում են, եւ նրանց միջեւ, որտեղ չեն ծխում: Այն ընտանիքներում, որտեղ ծխում է թեկուզ մեկ անձ, թոքային հիվանդությունների հավանականություն աճում է 10%-ով», - նշել է թոքաբանը:



























