Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության նախագահ, հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ուկրաինական կողմի համանախագահ Դմիտրի Կոլեսնիկովին: Նա Հայաստան է ժամանել` մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին:
Ողջունելով հյուրին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք կարեւորում ենք մեր երկրների միջեւ համագործակցության զարգացումը: Վստահ ենք, որ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը թույլ կտա բացահայտել չիրագործված մեծ ներուժը եւ տնտեսական համագործակցության զարգացման նոր ուղղությունները: Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունները եւս հասցնել այդ մակարդակին»:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարները: Դմիտրի Կոլեսնիկովը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի նիստում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ արծարծվել են համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, շինարարության, գյուղատնտեսության եւ մեքենաշինության ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Նշվել է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի շրջանակում կազմակերպել գործարար համաժողով:
Տիգրան Սարգսյանը համագործակցության հեռանկարային ոլորտների թվում առանձնացրել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության բնավագառները: Վարչապետը կարեւորել է Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության ու ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջեւ համագործակցությունը եւ փորձի փոխանակումը:




























