Պաղեստինի ինքնավարության երկու հիմնական ուժերը՝ ՀԱՄԱՍ-ն ու ՖԱՏՀ-ը, հայտարարել են միավորման ջանքեր գործադրելու մասին՝ Գազայի հատվածում հակամարտության ֆոնին: Ինչպես հաղորդում է AFP-ն, այս մասին հայտարարել է ՖԱՏՀ-ի ազդեցիկ գործիչ Ջիբրիլ Ռաջուբը՝ Ռամալահում կայացած հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով, ներկայումս Պաղեստինի երկու հիմնական ուժերը դադարեցնում են իրենց միջեւ առկա հակամարտությունը, հաղորդում է Polit.ru-ն:

Երկու շարժումների միությունը, որոնցից մեկը վերահսկում է Հորդանան գետի արեւմտյան ափը, իսկ երկրորդը՝ Գազայի հատվածը, կկնքվի այս տարվա վերջին:

Պաղեստինյան երկու ուժերի միջեւ հակամարտությունն սկսվել է 2006 թվականին Պաղեստինի ազգային ինքնավարության օրենսդիր մարմնում ՀԱՄԱՍ-ի հաղթանակից հետո: Երկու խմբավորումների միջեւ լայնամասշտաբ ռազմական հակամարտություն էր սկսվել՝ արյունալի միջադեպերով, որի հետեւանքով ՀԱՄԱՍ-ը պահպանել էր իր դիրքերը Գազայի հատվածում, մինչ Հորդանան գետի արեւմտյան ափին գերիշխանություն էին հաստատել ՖԱՏՀ-ի առաջնորդ Մահմուդ Աբասի կողմնակիցները: 2011-ի մայիսին երկու հակամարտող ուժերը հրադադարի համաձայնագիր էին կնքել:

Իսրայելը «Ամպամած սյուն» անունը կրող ռազմական գործողությունն սկսել է նոյեմբերի 14-ին: Վերջին տվյալներով, Գազայի հատվածում արդեն զոհվել է 95 մարդ: RT-ի թղթակիցն իր twitter-ում գրել է, որ ՑԱԽԱԼ-ի շուրջ 40 հազար զինվորներ սպասում են Գազայի հատվածի սահմանը հատելու հրամանին: