ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին նոյեմբերի 19-ին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Վարդան Օսկանյանին ծանոթացնում էին փորձաքննություն նշանակելու որոշման հետ: Սակայն, քանի որ որոշումը կապ չուներ  գործի հետ, պարոն Օսկանյանը հրաժարվել է դրա հետ ծանոթանալ»,- մանրամասնեց Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է: «Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: