Վրաստանի ԶՈՒ Միավորված շտաբի նախկին ղեկավար Գեորգի Կալանդաձեին, որին պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանք էր ներկայացվել եւ որին գրավի դիմաց ազատ էին արձակել, նոր մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կալանդաձեի փաստաբան Գոգիտա Գաբաիձեն:

Ըստ նրա` այժմ Կալանդաձեին նաեւ ապօրինի ազատազրկման մեղադրանք են  առաջադրել: Խոսքը գործի այն դրվագի մասին է, որում իբրեւ մեղադրյալ ներգրավված է նաեւ Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, եւ որը վերաբերում է Վրաստանի քաղաքացի Զվիադ Աբեսաձեի ապօրինի ազատազրկմանը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Ըստ քննության նյութերի` 2011 թ. սեպտեմբերի 13-ին Զվիադ Աբեսաձեին ռեստորան էր հրավիրել Բաչո Ախալայայի մերձավորներից մեկը, որտեղ նրան դիմավորել էին Ախալայան, Կալանդաձեն եւ թիկնազորի  աշխատակիցները: Ախալայան, Կալանդաձեն եւ այն ժամանակվա  պատժի իրագործման բաժնի ղեկավար Դավիդ Չակուան ծեծել էին նրան: Դրանից հետո հաշվեհարդարով սպառնալով` նրանք տուժածից պահանջել էին նախարարությանը նվիրել իր թանկարժեք մեքենան: Աբեսաձեի կինը նրա հանձնարարությամբ մեքենայի բանալիները փոխանցել էր Ախալայայի ներկայացուցչին: Դրանից հետո Ախալայայի ներկայացուցիչը կարգադրել էր նրան տանել Թբիլիսիի բնակարաններից մեկը, որտեղ բռնի պահել էին մինչեւ երեկո: Երեկոյան Զվիադ Աբեսիձեին  բերել էին նախարարության շենքի մոտ եւ վերադարձրել մեքենան:

Գեորգի Կալանդաձեն ձերբակալվել էր նոյեմբերի յոթի երեկոյան՝ պաշտոնեական լիազորությունները վերազանցելու մեղադրանքով: Նոյեմբերի իննին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 20 հազար լարի (շուրջ 12 հազար դոլար) գրավի դիմաց: Նոյեմբերի 13-ին դատարանը գումարը մեծացրել էր մինչեւ 30 հազար լարիի (18 հազար դոլար):