Մարսի մակերեւույթին ճառագայթման մակարդակը, որը գիտնականները համարում էին Կարմիր մոլորակ մարդու վայրէջքի արգելքներից մեկը, իրականում համեմատելի է Երկրի ստորին ուղեծրի ճառագայթմանը: Այդ մասին են վկայում Curiosity մարսագնացի չափումների տվյալները:
Բուլդերի (Կոլորադո) Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Դոն Հասլերը հայտարարել է, որ աստղագնացները կարող են ապրել այդ պայմաններում: Հասլերը Curiosity-ի վրա հաստատված ճառագայթման ֆոնի տվյալների հետազոտման առաջատար ուսումնասիրողն է, հայտնում է dni.ru-ն:
Երկիր մոլորակի բնակիչներին ճառագայթումից պաշտպանում է մագնիսական հզոր դաշտը, որը Մարսը չունի: Հենց այդ փաստն էր ստիպել գիտնականներին կասկածել, թե կարող է արդյոք աստղագնացն ապրել Կարմիր մոլորակում վայրէջք կատարելու դեպքում: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մարսի մթնոլորտը ազդեցիկ պատնեշ է տիեզերքի վտանգավոր արագաշարժ մասնիկների համար:
Հասլերն ընդգծել է, որ ստացված արդյունքները նախնական են, քանի որ նախատեսված երկու տարվա առաքելությունից Curiosity-ն Մարսի մակերեւույթի ուսումնասիրությամբ միայն երեք ամիս է զբաղվել: Մոլորակի վրա ճառագայթման մակարդակի ճշգրիտ թվերը կհաստատվեն ավելի ուշ, հավելել է նա:





























