ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն, այսօր՝ նոյեմբերի 19-ին, պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու կողմերին կոչ է արել դադարեցնել հրթիռային հարձակումները:

«Իսրայելն, իհարկե, ինքնապաշտպանության իրավունք ունի, իսկ Իսրայելի դեմ ուղղված գրոհները պետք է դադարեցվեն, բայց միջազգային հանրությունը նաեւ Իսրայելից է զսպվածություն ակնկալում»,-լրագրողներին ասել է Ռասմուսենը, Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ եւ պաշտպանության նախարարների համատեղ հանդիպման ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, ինքը շատ անհանգստացած է տարածաշրջանում լարվածության աճով եւ ափսոսում է Իսրայելում եւ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, Իսրայելն «Ամպամած սյուն» անվանումը կրող ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում, որի նպատակը պաղեստինցի գրոհայինների ոչնչացումն է: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորմանը 36-ժամյա վերջնագիր են ներկայացրել, որից հետո նրանք կընդլայնեն ռազմական գործողությունը, եթե Գազայի հատվածից չդադարեցնեն Իսրայելի հրթիռակոծությունը: