Մեծ Բրիտանիայի սպառնալիքներից հետո, թե վետո կդնի այս շաբաթ կայանալիք ԵՄ գագաթաժողովում կառույցի 7-ամյա միասնական բյուջեի վրա, Բրյուսելում որոշել են այդ փաստաթուղթն ընդունել առանց Լոնդոնի եւ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

Financial Times-ի փոխանցմամբ, ընթանում են Եվրամիության 2014-2020 թվականների միասնական բյուջեի ընդունման տարբերակների քննարկումները ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի: Պաշտոնական անձինք խոստովանում են, որ նման քայլը ծանր հետեւանքներ կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի համար, որն առանց այդ էլ շատ բարդ հարաբերություններ ունի ԵՄ մյուս երկրների հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը դեռեւս մեկ ամիս առաջ զգուշացրել է, որ Լոնդոնը վետո կդնի 7-ամյա բյուջեի վրա, եթե այն չսառեցվի ներկա մակարդակում, բայց առանց հաշվի առնելու գնաճը:

Եվրահանձնաժողովը ձգտում է հասնել ավելացնել այն մինչեւ Եվրամիության ՀՆԱ-ի մեկ տոկոսի չափով, որը կազմում է 1,033 տրլն եվրո: