Տորոնտոյի (Կանադա) համալսարանի հետազոտողները, Բեթ Իսրայելի բժշկական կենտրոնի (ԱՄՆ) իր գործընկերների հետ համատեղ գտել են գենը, որից կախված է՝ մարդն «արտույտ» է, թե՝ «բու»:
Սկզբում գիտնականներն այլ նպատակ էին հետապնդում. նրանց հետաքրքրում էր, թե ինչու են տարեց մարդիկ տառապում անքնությամբ: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1000 տարեց մարդ (65 տարեկանից բարձր տարիքի), նրանք բոլորն առողջ են եղել եւ ամեն տարի նյարդաբանական եւ հոգեբուժական հետազոտթւոյուն են անցել:
Ինչ-որ պահի գիտնականները որոշել են համեմատել հետազոտվող մարդկանց ցիրկադյան ռիթմը նրանց գենոտիպի հետ: Արդյունքում հաջողվել է եզակի նուկլեոտիդային փոխարինող հայտնաբերել Period 1 անվանումը կրող գենում: Այդ փոփոխությունը բոլոր մարդկանց բաժանել է երեք խմբի. 36 տոկոսի մոտ գենի որոշակի տեղում նրա երկու պատճեններում եղել է ադենին (A), 16 տոկոսի մոտ՝ գուանին (G), եւս 48 տոկոսի մոտ՝ գենի մի պատճենը կրել է A, իսկ մյուսը՝ G: Դա ամբողջությամբ համընկել է ցիրկադյան ռիթմի բնույթի հետ:
Երկու A կրողներն արթնացել են մեկ ժամ առաջ նրանցից, որոնց գենոմում եղել է երկու G: Իսկ նրանք, ում մոտ եղել է մեկ A եւ մեկ G, գտնվել են այդ երկու բեւեռների միջեւ, հաղորդում է TOPNews-ը:
Բացի այն, որ այդ գենից կախված է արթանանալու ժամը, նրանից կախված է նաեւ մահվան ժամանակը: Պարզվել է, որ առավոտյան մահացողներն ունեցել են AA կամ AG պարունակող Per1 գենը, իսկ նրանք ում մոտ եղել է երկու G, մահացել են երեկոյան ժամերին:





























