Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի սպանությունը բացարձակ կապ չունի նրա փաստաբանական գործունեության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Նա նշեց, որ Սամվել Շարբաթյանը Վանաձորում գտնվել է թաղման արարողության մասնակցելու համար: «Մանրամասները չեմ կարող ասել»,- ասաց նա:
Փաստաբանների պալատի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ Սամվել Շարբաթյանը ամուսնացած է, ունի ընտանիք: Ռուբեն Սահակյանը անձամբ ճանաչել է նրան:
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն` Սամվել Շարբաթյանին ծեծելով են սպանել:
Ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 18-ին, Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի առաջին մասով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Շահումյան գյուղում: Ժամը 22:45-ին շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երեւան քաղաքի բնակիչ, Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























