ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է իրավիճակը Գազայի հատվածում՝ Իսրայելի հետ հակամարտության ֆոնին: Քննարկումը տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դեռեւս պարզ չէ, թե ինչպիսին կլինի այս հանդիպման արդյունքը:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարք Լայել Գրանթը լրագրողներին հայտնել է, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շրջանառվում է հայտարարության նախագիծ եւ հիմա քննարկումները կենտրոնացված են ճանաչման վրա, որ «Գազայի հատվածի կողմից Իսրայելի հրթիռակոծությունը այդ ճգնաժամի մի մասն է դարձել»: Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ներկայումս գտնվում է Եգիպտոսում՝ երկիրը, որը փորձում է միջնորդի դեր խաղալ պաղեստինցիների եւ Իսրայելի միջեւ՝ ճգնաժամը հաղթահարելու համար:
Բրիտանացի դեսպանը կարծում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես պետք է ընդգծի Եգիպտոսի կենտրոնական դերը Գազայում իրավիճակի նորմալացման առումով:
Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ խորհրդակցություն էր անցկացրել Գազայի հատվածում իրավիճակի հետ կապված եւ արաբական դեսպանները կոչ էին արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի կողմից գազայի հատվածի դեմ հարձակումները դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, Իսրայելն «Ամպամած սյուն» անվանումը կրող ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում, որի նպատակը պաղեստինցի գրոհայինների ոչնչացումն է: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորմանը 36-ժամյա վերջնագիր են ներկայացրել, որից հետո նրանք կընդլայնեն ռազմական գործողությունը, եթե Գազայի հատվածից չդադարեցնեն Իսրայելի հրթիռակոծությունը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, իսրայելական հրթիռակոծության հետեւանքով արդեն զոհվել է շուրջ 100 պաղեստինցի:





























