Երեկ՝ նոյեմբերի նոյեմբերի 18-ին, Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանված փաստաբանի գործով արդեն կա ձերբակալված անձ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով, այսօր ոստիկանության Վանաձորի բաժին է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտակ Վերանյանը, այժմ նրան տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր:
Արտակ Վերանյանը նախկինում աշխատել է Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնում որպես օպերլիազոր: Այնուհետ մաքսանենգության հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել, ու նա շուրջ 11 ամիս անցկացրել է ազատազրկման վայրում, թեեւ Ա. Վերանյանը մինչ օրս իր մեղքը չի ընդունում նշված քրեական գործով:
Փաստաբանի սպանության գործով նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 18-ին, Լոռիի մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի առաջին մասով: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Շահումյան գյուղում: Ժամը 22:45-ին շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա:Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր Երեւան քաղաքի բնակիչ, Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, 49-ամյա Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























