Այս տարի աշխարհում ավտովթարներից արդեն շուրջ 1,2 մլն մրադ է զոհվել: ՄԱԿ-ի տվյալներով, եւս 50 մլն մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստանում կամ հաշմանդամ դառնում ավտովթարներից:
Ավտովթարներն իրենց նշանակությամբ 15-25 տարեկան երիտասարդների մահվան առաջին պատճառն են: Այդ կապակցությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը կոչ է արել նվազագույնի հասցնել վնասվածքներն ու մահացությունը ճանապարհներին:
Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը, ամեն տարի մինչեւ 25 տարեկան շուրջ 400 հազար երիտասարդներ զոհվում են ավտովթարների հետեւանքով՝ միջինը հազար մարդ մեկ օրում: Իր հերթին, Առողջապահության միջազգային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ անհրաժեշտ միջոցառումների բացակայության դեպքում 2030 թվականին ավտովթարներից ստացվող վնասվածքների թիվը աշխարհում կզբաղեցնի 5-րդ տեղը մահացության պատճառների ցանկում:
Բան Կի-Մունի խոսքով, Չիլիում օրենքը պարտադրում է ներքաղաքային ավտոբուսների ուղեւորներին ամրագոտիներ կապել: Չինաստանում քրեական պատասխանատվություն է մտցվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար եւ խստացվել է իրավախախտների նկատմամբ պատիժը, իսկ Նոր Զելանդիան ավելի խիստ նորմեր է սահմանել ոչ սթափ վարորդների համար: Բրազիլիայում ոստիկանությունը եւս առավել խիստ է ոչ սթափ վիճակում ղեկին նստողների նկատմամբ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի անդամ երկրները 2011-2020 թվականները հռչակել են անվտանգ երթեւեկություն ապահովելու տասնամյակ: Նրանք խոստացել են պահպանել 5 մլն մարդկանց կյանքը՝ երթեւեկության անվտանգության ոլորտում նոր ռազմավարության իրականացման ճանապարհով: Մի շարք երկրներ արդեն այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկել:





























