Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին այսօր՝ հունվարի 26-ին ժամանելու է Հայաստան:
Իրանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի թվով 9-րդ նիստին:
Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, կողմերը կարծիքներ են փոխանակելու երկկողմ համագործակցության, նաեւ միջազգային ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգը, համաձայն Իրանի ԱԳՆ ամենամյա զեկույցի, ներառում է նավթային եւ նավթաքիմիական ոլորտներում համագործակցության ընդլայնումը, նաեւ Հայաստանի տարածքում հեղուկ վառելիքի տերմինալի կառուցումը:




























