Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը 180 մարդու քաղբանտարկյալ է համարել: Ինչպես հաղորդում է «Գռուզիա Online»-ը, եւս 22 մարդ քաղաքական հալածյալ է համարվել:
Քաղբանտարկյալների ցանկում են հայտնվել մարդիկ, որոնք ձերբակալվել են տարբեր հոդվածներով, այդ թվում ահաբեկչության, մահափորձի, եւ պետական դավաճանության մեղադրանքներով:
Խորհրդարանական հանձնաժողովը քաղհալածյալ է համարել Միխայիլ Կարելիին, Կիբարա Հալվաշիին, Իրակլի Օքրուաշվիլիին եւ այլոց:
Բացի այդ, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի խմբին երկշաբաթյա ժամկետ է տրվել՝ ուսումնասիրելու համար այն մարդկանց դիմումները, որոնք ներկայացվել էին խախտումներով: Աշխատանքային խումբը երկու շաբաթում քննարկել է շուրջ 220 գործ: Խորհրդարանական հանձնաժողովի նիստում ընդունված որոշման նախագիծը մոտ ժամանակներս կներկայացվի խորհրդարանի դատին:





























