Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտագնության խորհրդին ներկայացրել է բանաձեւի նախագիծը` պահանջելով դադարեցնել բռնությունը պաղեստինյան Գազայի հատվածում եւ կոչ անելով սկսել պաղեստինա-իսրայելյան բանակցություններ՝ մերձավորարեւելյան ընդհանուր խնդիրները կարգավորելու նպատակով:

Ըստ բանաձեւի նախագծի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է արտահայտի «լուրջ մտահոգություն Գազայի շուրջ եւ ներսում իրադրության  կտրուկ վատթարացման վերաբերյալ, հատկապես դրա հետ կապված  քաղաքացիական բնակչության ծանր կորուստների եւ հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ, ինչպես նաեւ ընդգծում է, որ Պաղեստինի եւ Իսրայելի բնակչությունը պետք է պաշտպանված լինի»,  հայտնում է «Կոմերսանտը»:

Ըստ փաստաթղթի նախագծի, որը ներկայացվել է քվեարկության, բացառված են  ուղղակի մեղադրանքներ պաղեստինցիների եւ իսրայելցիների նկատմամբ: Ընդունելով, որ պաղեստինաիսրայելյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագիծն առաջին հերթին պահանջում է «բռնության անհապաղ, երկարատեւ եւ անխախտ դադարեցում, որը կհանգեցնի խաղաղության վերականգնման»:

Երկրորդ, կաջակցի միջազգային եւ տարածաշրջանային ջանքերին՝ առկա իրավիճակի կարգավորման համար:  Երրորդ, ԱԽ-ին առաջարկվում է Իսրայելն ու Պաղեստինն ուղղորդել բանակցությունների անհապաղ վերսկսման, որը կհանգեցնի խաղաղության պայմանագրի կնքման, ըստ որի կլուծվեն բոլոր խնդիրները` 2008 թ. ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ երկու պետությունների ճանաչման սկզբունքի հիման վրա: