Ավստրալացի Փոլ Դուգլաս Փիթերսը, որը ռումբի մուլյաժ էր տեղադրել Մեյդելին Փուլվերի պարանոցին, դատապարտվել է 13.6 տարվա ազատազրկման:

Դատի ընթացքում Փիթերսն ընդունել է մասնավոր սեփականության տարածք ներխուժելու եւ հարձակման իր մեղքը, սակայն պնդել է, որ չի հիշում, թե ինչպես է գործել հանցանքը։ Քննության կարծիքով՝ Փիթերսի նախնական թիրախը ոչ թե Փուլվերն է եղել, այլ հարեւանությամբ բնակվող ներդրողը։ Աղջկա վրա հարձակվել է տունը շփոթելու հետեւանքով, գրում է Associated Press-ը։

2011թ. օգոստոսի 3-ին, 18-ամյա Մեյդելին Փուլվերին` Սիդնեյի ամենահարուստ մարդկանցից մեկի դստերը,  ոստիկանները հայտնաբերել էին իր տանը` պարանոցին ամրակցված ռումբով: Փիթերսի ներխուժման պահին աղջիկը տանը մենակ էր եղել։ Հանցագործը սարքն ամրացրել էր աղջկա պարանոցին  եւ փախել` փրկագնի պահանջով գրություն թողնելով:

Lenta.ru-ն գրում է, որ ոստիկանությունը վնասազերծումն իրականացրել էր 10 ժամում: Հետագայում պարզվել էր, որ այն ռումբի մուլյաժ էր եղել եւ պայթուցիկ նյութեր չէր պարունակել: 

52-ամյա Փիթերսը ձերբակալվել էր ամերիկյան Կենտուկի նահանգում` 2011 թ. օգոստոսի 15-ին: Այդ տարվա սեպտեմբերին նա արտահանձնվել էր Ավստրալիային: