ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տրամադրված է Հակահրթիռային պաշտպանության հարցում Ռուսաստանի հետ փոխզիջման հասնելու։

«Հիլարի Քլինթոնն ասաց, որ նախագահ Օբաման տրամադրված է շարունակել ՀՀՊ-ի հարցում փոխզիջումային պայմանավորվածություններ գտնելու աշխատանքը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ԱՄՆ Պետքարտուղարի Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման արդյունքները։ Կողմերը մասնակցում են ԱՍԵԱՆ-ի աշխատանքներին։

Լավրովը նաեւ հայտնել է, որ առաջիկայում Ռուսաստանը կհամաձայնեցնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամկետները։ Այն նախատեսված է 2013-ին։ Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ավելի վաղ փոխանցել է հրավերը ԱՄՆ նախագահին։ Քլինթոնը վստահեցրել է, որ Օբաման հիշում է հրավերի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կողմերը նաեւ հաստատել են տնտեսական եւ ներդրումային հարաբերությունների զարգացումը շարունակելու մտադրությունը։

Լավրովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ Մոսկվան դարձյալ առաջարկել է «վերացնել բիզնեսի համար գոյություն ունեցող խոչընդոտները, ստեղծել ներդրումային հիմնախնդիրները գնահատելու մեխանիզմ»։

ԱՄՆ Պետքարտուղարը խոստացել է զբաղվել այդ հարցով եւ քննարկել կոնկրետ իրավիճակներ, որոնց բախվում են ռուսական ընկերություններն ԱՄՆ-ում։