Ղազախստանցի սահմանապահ Վլադիսլավ Չելախի փաստաբան Սերիկ Սարսենովը պնդում է, որ «Արքանկերգեն» սահմանապահ ուղեկալում 18 դի է հայտնաբերվել, ոչ թե 15։ Այդ մասին նա լրագրողներին հայտնել է նոյեմբերի 20-ի դատական նիստի ընդմիջմանը։
Ըստ նրա՝ այդ տեղեկատվությունն առկա է գործի նյութերում։ Եվս երեք զոհերի ինքնությունը չի հաստատվել եւ գաղտնի է պահվում։
Նոյեմբերի 19-ից սկսվել է սահմանապահ Վլադիսլավ Չելախի գործով դատավարությունը, որը մեղադրվում է «Արքանկերգեն» ուղեկալում ծառայակիցների սպանության մեջ։ Ամենասկզբում Չելախը պահանջել է հեռացնել լրագրողներին, հետո խոստովանել է մեղքն իրեն վերագրվող մի շարք հանցագործություններում։ Նա ընդունել է, որ հրկիզել է զորամասը։ Փաստաբանը պնդել է, որ իր պաշտպանյալը ցանկացել է վերացնել հետքերը՝ սպանության մեջ մեղադրվելու վախից դրդված։ Չելախը խոստովանել է նաեւ ապօրինի զենք ձեռք բերելը։ Հրամանատարի ատրճանակը, ծառայակիցների բջջային հեռախոսը եւ նոութբուքն գողանալը սահմանապահը չի ընդունել։ Նրա մոտ նաեւ տեղանքի քարտեզ էին հայտնաբերել, Չելախը չի ընդունել, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հավաքել՝ նշելով, որ գրառումները ղազախերեն էին, եւ ինքը չէր կարող կարդալ։
Tengrinews-ը հայտնում է, որ գործով վկա Երժան Մոլդագալիեւը հայտնել է, որ Չելախը ձերբակալությունից անմիջապես հետո հայտնել էր չինական կողմի հարձակման մասին։





























