«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը» (FARC) միակողմանի հայտարարել են ռազմական գործողությունները երկու ամսով դադարեցնելու մասին։
Խմբավորման առաջնորդ Իվան Մարկեզը հայտարարել է, որ միակողմանի զինադադարը իշխանությունների հետ հակամարտության կարգավորումը քաղաքական ուղիով շարունակելու նշան է իրենց կողմից, հաղորդում է Agence France-Presse-ը։
FARC-ի որոշումը հրապարակվել է Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայանալիք Կոլումբիայի ապստամբների եւ պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպման նախօրեին։
Կոլումբիայի կառավարությունը թերահավատորեն է արձագանքել ապստամբների հայտարարությանը։ Երկրի պաշտպանության նախարար Խուան Կարլոս Պինզոնը հայտարարել է, որ կառավարական զորքերը կշարունակեն պայքարը «երկրի սահմանադրական կարգի դեմ դուրս եկած հանցագործների» դեմ։





























