Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կամբոջայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակի հարցով մերձավորարեւելյան «քառյակի» նիստ գումարելու հնարավորությունը։ Հանդիպումը պետք է լինի արտգործնախարարների մակարդակով, Արաբական պետությունների լիգայի մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Մոսկվան հույս ունի Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորումից անմիջապես հետո Վաշինգտոնի հետ քննարկել այդ հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Լավրովը նաեւ մատնանշել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնն աջակցում են Եգիպտոսի եւ մյուս երկրների ջանքերը՝ Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ։ «Ռուսաստանն աշխատում է եւ Իսրայելի ներկայացուցիչների, եւ ՀԱՄԱՍ-ի հետ»,- ասել է Լավրովը։