Հայաստանը խիստ մտահոգված է Գազայի հատվածում եւ նրա շուրջն աճող լարվածությամբ, հայտարարել է պաշտոնական այցելությամբ Քուվեյթում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանը, ինչպես եւ միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում եւ նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին եւ ուժի կիրառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»,- անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել նաեւ Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս ենթատեքստում Քուվեյթի ԱԳ նախարարը տեղեկացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։
Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները եւ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ից։




























