Մոսկվայում անմեղսունակ տղամարդը փորձել է դանակահարել ընտանիքի բոլոր անդամներին: Զոհ են դարձել փոքրիկ տղան ու աղջիկը, ինչպես նաեւ՝ նրա մայրը: Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ տղամարդը կրոնական մոլեռանդ է եւ հոգեկանա հիվանդ:
Նախնական տվյալներով՝ տղամարդը չէր աշխատում եւ վերջին ժամանակներս տարվել էր կրոնով: Նրա կինը երեկոյան տուն գալով հայտնաբերել է սկեսրոջ, վեցամյա դստեր եւ իննամյա որդու մարմինները: Բոլոր երեքի կոկորդը կտրած է եղել, ձեռքերը՝ խաչաձեւ ծալած, կրծքին՝ սրբապատկերներ:
Ամուսինը կնոջն ասել է, որ «նրանք արդեն դրախտում են», ինչից հետո առաջարկել է հետեւել նրանց եւ փորձել է դանակով հարվածել նրա պարանոցին: Կնոջը հաջողվել է դուրս պրծնել բնակարանից, հարեւանները ոստիկանություն են զանգահարել, որոնք էլ ձերբակալել են կասկածյալին, գրում է NEWSru.com-ը:
Life News-ը հայտնում է հարձակվողի անունը՝ 40-ամյա Իգոր Տելեվինով: Նա, ըստ ամենայնի, ընտանիքի հետ հաշվեհարդարից հետո մտադրվել էր ինքնասպան լինել, քանի որ հրաժեշտի նամակ էր թողել, որում խնդրում է վաճառել իր բնակարանը:
Իրավապահ մարմինների աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ տղամարդը նման արարքի կարող էր դիմել ընտանիքի պարտքերի պատճառով: Բարեկամներն ու հարազատները հայտնել են, որ նրանք պարտքերի մեջ խրված էին ընտանիքի հոր բուժման պատճառով:





























