Այսօր՝ նոյեմբերի 20-ին, աշխարհը նշում է Երեխայի օրը: 1954թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համապատասխան բանաձեւ ընդունեց եւ բոլոր երկրներին խորհուրդ տվեց 1956թ.-ից նշել Երեխայի համաշխարհային օրը: Կառավարություններին առաջարկվել էր իրենց հայեցողությամբ ընտրել ցանկացած օր: Մի շարք երկրներում Երեխայի համաշխարհային օրը նշվում է սեպտեմբերի 20-ին, բայց ՄԱԿ-ի անդամ 129 երկրներում՝ նոյեմբերի 20-ին:
Նոյեմբերի 20-ը պատահական ամսաթիվ չէ, 1959թ. հենց այդ օրն էր Գլխավոր ասամբլեան ընդունել Երեխաների իրավունքների հռչակագիրը: Իսկ 1989թ. նոյեմբերի 20-ին ընդունվեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որը բոլոր երկրներին պարտավորեցնում է երեխաների համար լավ կյանք ապահովել: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1990թ. սեպտեմբերի 2-ից:
Երեխայի օրը տարբեր կազմակերպություններն ու ընկերությունները, հայտնի երգիչ-դերասանները, քաղաքական գործիչները բարեգործական միջոցառումներ են անցկացնում, շահույթի մի մասը հատկացնում են մանկական հիմնադրամներին, մանկատներին, հիվանդանոցներին, գրում է argumenti.ru-ն:
«Ռոսբալտը» գրում է, որ ամեն տարի միլիոնավոր երեխաներ մահանում են հինգ տարին չբոլորած, տասնյակ միլիոնավորները մտավոր կամ ֆիզիկական հիվանդություններ ունեն: Մահացության դեպքերից շատերը հեշտ կանխարգելվող կամ բուժվող հիվանդությունների հետեւանք են, մյուս մասը՝ կոպտության, խտրականության եւ բռնության: Այդ պատճառները ծանր կորուստներ են պատճառում ընտանիքներին, համայնքներին, պետություններին:





























