Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին Բորդո քաղաքում L`Oreal-ի գործով հարցաքննության են կանչել: Figaro թերթի տվյալներով,  հարցաքննությունը կկայանա հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին:

Սարկոզին պետք է բացատրություն տա՝ 2007թ. նախընտրական քարոզարշավի համար L`Oreal-ի այն ժամանակվա սեփականատիրուհի Լիլիան Բետանկուրից  նվիրատվություններ ստացե՞լ է, թե՞ ոչ:

Քննությունը հետաքրքրվում է՝ արդյոք Սարկոզիի նախընտրական քարոզարշավի համար չի ծախսվել Բետանկուրի շվեյցարական հաշվեհամարից 2007 - 2009թթ. նրա վստահելի անձ Պատրիս դը Մեստրի հանած գումարը: Փողերը կարող էին փոխանցվել աշխատանքի եւ բյուջեի նախկին նախարար Էրիկ Վերտին, որն այդ ժամանակ Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսական պատասխանատուն էր, գրում է «Գոլոս Ռոսիին»:

Սարկոզին հերքում է իր քարոզարշավի համար ապօրինաբար գումար ստանալու մեղադրանքը: