Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին նոյեմբերի 20-ին վերադարձել է Վրաստան։ Նա բանտ է ուղարկվել, քանի որ 2008թ. մարտի 28-ին դատարանի որոշմամբ դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, հաղորդում է interpressnews.ge-ն՝ հղում անելով «Վրացական կուսակցությանը»։
Կուսակցությունում նշում են, որ Միխայիլ Սահակաշվիլիի նախկին մերձավորը վերադարձել է հայրենիք, որպեսզի պատասխան տա արդարադատությանը եւ մասնակցի դատական նիստին։ «Իրակլի Օքրուաշվիլին պատրաստ է շարունակել իր արդար պայքարը բանտից՝ բողոքարկելով մեղադրանքն ու վճիռը եւ ապացուցելով իր անմեղությունը։ Հույսը կապված է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ»,- ասվում է հայտարարությունում։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ նախկին նախարարը վերադարձել է հայրենիք եւ գտնվում է բանտում։
Արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ թեեւ նախկին նախարար Օքրուաշվիլիի դեմ հետապնդումները քաղաքական հատկանիշ ունեին, սակայն նա պետք է ապացուցի իր անմեղությունն օրենքով։





























