Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում, այսօր` նոյեմբերի 20-ին, սկսվել է 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով հերթական դատական նիստը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, դատական նիստի ժամանակ Թուրքիայի պատմության մեջ նախադեպ է ստեղծվել։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դատական նիստին ներկա չգտնվող գործով գլխավոր ամբաստանյալներ, Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը եւ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայան վկայություն են սկսել տալ հեռուստակոնֆերանսի միջոցով։ Դատարանում դրված մեծ էկրանով նիստին ներկա գտնվողները հետեւել են ամբաստանյալների վկայություններին։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։

Քենան Էվրենը ներկայում 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։