Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլին «9-րդ ալիք» հեռուստաընկերության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ գրեթե հասել է իր գլխավոր երկու նպատակին. «հեռացնել Միշային» եւ «տուն վերադառնալ»:
Օքրուաշվիլիի հարցազրույցը նկարահանվել է Թբիլիսիի գալուց մի քանի ժամ առաջ, որտեղ նա ձերբակալվել էր վրացի իրավապահ մարմինների կողմից դեռեւս 2008 թ. իր դեմ առաջադրված մեղադրանքներով:
«Վերջին տարիներին ես երկու նպատակ ունեի՝ հեռացնել Միշային եւ տուն վերադառնալ: Առաջինը մասամբ արդեն եզրագծին է հասցվել, եւ չնայած որ դա այլ մարդկանց ձեռքով է արվում, ես նույնպես ունեմ իմ փոքրիկ ներդրումը», - հայտարարել է Օքրուաշվիլին:
Նա հույս է հայտնել, որ իշխող նոր թիմի օրոք երկրում իսկապես արդարություն կլինի՝ հավելելով, որ միգուցե այն բանտախուցը պահանջի, որտեղ փակված է «այդ ստոր Ախալայան»:
«Նովոստի Գռուզիան» հայտնում է, որ նոյեմբերի 20-ի ճեպազրույցում Օքրուաշվիլիի փաստաբան Զվիադ Քորդաձեն հայտարարել է, որ իր պաշտպանյալը դատարանի առաջ կկանգնի ոչ թե այն մեղադրանքներով, որոնցով ձերբակալվել էր առավոտյան, այլ ապօրինաբար զինված խմբավորում ստեղծելու մեղադրանքով:
Ըստ փաստաբանի՝ խոսքը 2011 թ. մայիսին տեղի ունեցած դեպքերի մասին է: Այն ժամանակ ՆԳՆ-ն հրապարակել էր տեսաձայնանյութեր, ըստ որոնց՝ Օքրուաշվիլիի հանձնարարությամբ Վրաստանում զինված խմբավորում էր ձեւավորվել՝ նախկին նախարարի երկիր վերադառնալուց հետո հակապետական գործողություններ կատարելու նպատակով, որը նախատեսված էր այդ տարվա մայիսի վերջին: 2011 թ. հունիսին այդ խմբավորման 15 անդամներ ձերբակալվել էին եւ օգոստոսին դատապարտվել տարբեր ժամկետներով ազատազրկման:
Փաստաբանը նաեւ հայտնել է, որ Բողոքարկիչ դատարանում մտադիր է բողոքարկել Թբիլիսիի քաղաքային դատարանի 2008 թ. մարտի 28-ի որոշումը, որով նախկին նախարարը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման:





























