Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 20-ին մեկնել է Գազայի հատված՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: Մեկնելուց առաջ նա հայտարարել է, թե այցի նպատակն է «ցույց տալ, որ Պաղեստինի ժողովուրդը միայնակ չէ, եւ որ թուրք ժողովուրդը նրա կողքին է»:

Դավութօղլուն նաեւ հայտարարել է, որ Պաղեստինի հարցը տարածաշրջանի եւ աշխարհի համար անկայունության աղբյուր է, եւ անհրաժեշտ է այն անհապաղ կարգավորել: Թուրքիայի արտգործնախարարը նաեւ կողմ է արտահայտվել Պաղեստինի անկախության ճանաչմանը:

Նոյեմբերի 19-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Եվրասիական իսլամական համաժողովում հայտարարել էր, որ Իսրայելն ահաբեկչական պետություն է, եւ Գազայի հատվածում նրա վարած ռազմական գործողությունը ահաբեկչական է, հայտնում է  «Ռոսբալտը»: Ըստ նրա՝ արեւմտյան տերությունները ոչինչ չեն հայտարարում Գազայի առնչությամբ, քանի որ խոսքն Իսրայելի մասին է: