Խորվաթիայի նախկին վարչապետ Իվո Սանադերին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ լիազորությունները չարաշահելու եւ կաշառակերության մեղադրանքով: Նոյեմբերի 20-ին նման դատավճիռ է կայացրել Զագրեբի դատարանը:
Դատարանի դահլիճից կառավարության նախկին ղեկավարին ուղարկել են «Ռեմետինաց» բանտ: Սանադերը մեղքը չի ընդունել եւ գործընթացն անվանել է քաղաքականացված, հայտնում է Reuters-ը:
2009թ., պարզաբանում է gazeta.ru-ն, Խորվաթիայի կառավարությունը Զագրեբի կենտրոնում շատ բարձր գնով շենք էր ձեռք բերել: Այն բյուջեին արժեցել էր 10,7 միլիոն եվրո: Ըստ քննության՝ վնասը կազմել է 3,5 միլիոն եվրո: Դատարանը հաստատել է, որ Սանադերը ակտիվ մասնակցել է այդ գործարքին:
Բացի դրանից, նախկին վարչապետին մեղավոր էին ճանաչել, որ նա 5 միլիոն եվրո կաշառքի դիմաց թույլ էր տվել հունգարական նավթագազային MOL ընկերությանը վերահսկողության տակ վերցնել խորվաթյան INA-ն: Այժմ այդ գործարքը կարող է վերանայվել:
Իվո Սանադերը խորվաթիայի կառավարությունը գլխավորել է 2003թ.-ից: 2009 թ. հուլիսին նա հրաժարական է տվել: 2011թ. դեկտեմբերից Սանադերը Ավստրիայում գտնվել է կալանքի տակ եւ ավելի ուշ արտահանձնվել Խորվաթիա:





























