Լեհաստանի հատուկ ծառայությունները հայտնել են խոշոր ահաբեկչության կանխման մասին, որը պետք է տեղի ունենար երկրի Անկախության օրը՝ նոյեմբերի 11-ին: Հարձակման ենթադրյալ թիրախներն էին Վարշավայում Լեհաստանի Սեյմի շենքը, խորհրդարանի պատգամավորներ, կառավարության անդամներ եւ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Ահաբեկչությունը նախապատրաստական փուլում բացահայտել է Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը:
Ռումբը պետք է տեղադրվեր Սեյմի մոտ կայանված մեքենաներից մեկում:
Տվյալ գործով ձերբակալվել է Կրակովի գյուղատնտեսական համալսարանի 45-ամյա աշխատակիցը: Նա հանգամանորեն պատրաստվել էր ահաբեկչությանը: Նրա հետ փորձարկումներ էին կատարել եւս չորս մարդ: Նրանցից երկուսն արդեն ձերբակալվել են, գրում է «Կոմերսանտը»:
Ահաբեկչության գլխավոր կազմակերպչի տանը հայտնաբերել են տարբեր հանցանշաններ, այդ թվում՝ ռումբերի դետալներ, դետոնատորներ, հրազենային զենք եւ զինամթերք: Այդ ամենը գնված են եղել Լեհաստանի ապօրինի շուկաներից եւ արտասահմանից: Կրակովի ձերբակալված բնակիչը զենք պահելու իրավունք չի ունեցել:





























