Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ապստամբ M23 խմբավորումը  («Մարտի 23-ի շարժումը») գրավել է երկրի արեւելքի Գոմա քաղաքը: Քաղաքի գրավմանը նախորդել են զինվորների հետ մի քանի օր շարունակված բախումները, որոնց աջակցում է ՄԱԿ-ը:

Ականատեսների խոսքով՝ այժմ զինված ապստամբներն անարգել շրջում են քաղաքի փողոցներով: ՄԱԿ-ի խաղաղարարները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, իսկ տեղի որոշ բնակիչներ ողջունում են զավթիչներին, գրում է Reuters-ը:

Ըստ  France 24-ի տվյալների, որոնք մեջբերում է  gazeta.ru-ն, ապստամբներին նաեւ հաջողվել է գրավել Գոմայի օդանավակայանը: Մինչդեռ  BBC-ի ռուսական ծառայությունը,  վկայակոչելով Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արեւելքում ՄԱԿ-ի խաղաղարարական ուժերի հրամանատարին, հայտնում է, որ զինվորականներին հաջողվել է հետ մղել Գոմա քաղաքի հյուսիսային  օդանավակայանի վրա M23-ի խմբավորման հարձակումը:

Կոնգոյի կառավարությունը հրաժարվել է M23-ի հետ ապստամբների առաջադրած  նախապայմաններով բանակցություններ վարել: Կոնգոյի իշխանությունները կարծում են, որ «Մարտի 23 շարժումն» ստեղծվել էր Ռուանդայի կողմից՝ երկրում իրավիճակի ապակայունացման համար:   Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Կոնգոյի իշխանությունները հայտնել էին Գոմա քաղաքի մերձակայքում 113 սպանված խռովարարների մասին: Հաղորդվել էր, որ սպանված 50 ապստամբները Ռուանդայի ռազմական համազգեստով էին: