Իրանում բնակվող ադրբեջանցիներն իրականում էթնիկ իրանցիներ են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարել է Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր, հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Կարեն Խանլարյանը:

«Ինչպես հայտնի է, Ադրբեջան պետություն, որպես այդպիսին գոյություն չի ունեցել: Այդ պետությունն ի հայտ է եկել հետո, պարսկական Շիրվան նահանգի տեղում: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այստեղ ադրբեջանցիները աշխարհագրական կատեգորիա են: Այդ մարդիկ էթնիկ իրանցիներ են»,-նշել է Խանլարյանը:

Նրա խոսքով, ադրբեջանցիները մեծ թիվ են կազմում Իրանում՝ մինչեւ 30 մլն, սակայն տվյալ աշխարհագրական ֆենոմենը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանում ապրող բնակչության հետ: «Նրանց մոտ նույնիսկ այբուբենը լրիվ տարբեր է. Իրանի ադրբեջանցիները գրում են արաբական տառերով, իսկ Ադրբեջանի բնակչությունը՝ անհայտ տեսակի լատինականով»,-ասել է հայ պատգամավորը:

Կարեն Խանլարյանը վստահեցրել է, որ Իրանի ադրբեջանցիներն ավանդաբար բարեկամական հարաբերություններ են պահպանում տեղի հայերի հետ, ունեն հայամետ դիրքորոշում տարբեր հարցերում եւ բացարձակապես նման չեն կովկասյան թաթարներին, որոնք ապրում են Հարավային Կովկասում: