Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունը կավարտվի հենց այսօր՝ նոյեմբերի 20-ին: Նա հայտարարել է, որ Կահիրեում խաղաղ բանակցություններն արդյունք են տալիս: Մուրսին չի մանրամասնել, թե ինչով է պայմանավորված իր լավատեսությունը, հաղորդում է Reuters-ը:
Եգիպտական առաջնորդի հայտարարությունը հնչել է նրա քրոջ հուղարկավորության ժամանակ, որը վախճանվել էր նախօրեին: Ռազմական գործողությունների դադարեցման մասին այլ մանրամասներ Մուրսին չի հիշատակել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Lenta.ru-ն գրում է, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող «Ալ Աքսա» հեռուստաալիքի եթերում ելույթ էր ունեցել շարժման առաջնորդներից մեկը՝ Մոհամեդ Դեյֆը: Նա իր համախոհներին կոչ էր արել պատրաստվել իսրայելական ցամաքային գործողությանը, որը, ըստ նրա, կարող է սկսվել մոտ ժամանակներս: Այդ տեղեկության աղբյուրի մասին Դեյֆը չի հայտնել:
Նոյեմբերի 14-ից Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է իրականացնում, որի նպատակն է գրոհայինների եւ նրանց ենթակառույցների ոչնչացումը: Ըստ լրատվամիջոցների՝ իսրայելական օդային հարվածների հետեւանքով արդեն ավելի քան 100 պաղեստինցի է զոհվել:





























