Հայ ազգային կոնգրեսը շահագրգռված քաղաքացիներին կոչ է անում մասնակցել նոյեմբերի 21-ին, ժամը14:00-ին խորհրդարանի շենքի դիմաց կայանալիք ակցիային:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում, նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ վերջին 18 տարում առաջին անգամ ընդդիմությունն, օգտագործելով սահմանադրական մեխանիզմը, արտահերթ նիստ է հրավիրել՝ որոշակի օրակարգով:
Նա հիշեցրել է, որ նիստի օրակարգում է ընտրական համակարգի բարեփոխումը: Եւ եթե այն տեղի ունենա, իսկ առաջարկների փաթեթն ընդունվի, ապա ընտրությունների եւ պետական կառույցների հանդեպ հանրության վստահությունը զգալի կմեծանա: Նրա խոսքով՝ դա եւս կնպաստի ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի զեկույցներում նշված պահանջների կատարմանը՝ անցած խարհրդարանական ընտրություններում տեղ գտած թերությունների վերացման պլանում:
Ընդդիմադիրը նշել է, որ ընտրական 100%-անոց համամասնական կարգին անցում կատարելու հանրային պահանջ կա, որին աջակցում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը՝ բացի ՀՀԿ-ից. «Հանրապետականները հայտարարել են, որ տվյալ նախաձեռնությունը քարոզչական հնարք է, եւ նրանք մտադիր չեն մասնակցել նիստին: Ստացվում է, որ հասարակական կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն եւս քարոզչությա՞մբ են զբաղված: Քարոզչական հնարքների հենց ՀՀԿ-ն է դիմում, ինչն ընդգծում է այն փաստը, որ գործող վարչակարգը չի ցանկանում ազատ եւ արդար ընտրությունների կայացում եւ անգամ վախենում է այդ թեմայով քննարկումներից», - ընդգծել է Զուրաբյանը:
Հարցին՝ ինչու է ՀԱԿ-ը նման գործողությունների դիմում, նախապես իմանալով, որ քվորում չի ապահովվի, Զուրաբյանը պատասխանել է, որ նպատակը իշխանություններին ստիպելն է, որպեսզի կատարեն հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի եւ միջազգային հանրության պահանջները. «Հենց նման միջոցներով է դա կատարվում ժողովրդավարական երկրներում»:





























