Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ, խիստ հակահայկական դիրքորոշումով հայտնի Ջեմիլ Չիչեքը հանդիպել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Լորան Մոզարի հետ։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահ Լորան Մոզարիի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, թե Լյուքսեմբուրգը Հայոց ցեղասպանության հարցի կապակցությամբ կշարունակի արդար եւ օբյեկտիվ վերաբերմունք ցուցադրել։ «Սխալ է, երբ քաղաքական կառույցները պատմական իրադարձությունների հետ կապված որոշումներ են կայացնում»,-ասել է Ջեմիլ Չիչեքը։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահը նոյեմբերի 19-ին էլ հանդիպել էր ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ, որի ժամանակ կրկին անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, Հայաստանի «օկուպանտ» էր անվանել։

Թուրքիայի խորհրդարանի նախագահի այս հայտարարություններին արձագանքել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի եւ կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:

Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ եւ զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը:

Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական եւ ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ»,-նշել է Շարմազանովը։